26.03.2010

Երևանում բացվում է բնապահպանական կինոդիտումների «Կանաչ ակումբ»


Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը  նախաձեռնում է բնապահպանական թեմաներով ֆիլմերի պարբերական ցուցադրություններ` այսպիսով ստեղծելով կինոդիտումների ու քննարկումների «Կանաչ ակումբ»:  

Այսուհետ ամեն շաբաթ օր` ժամը 17:30, Արևորդին հրավիրում է բոլոր բնասերներին կամ պարզապես հետաքրքվածներին «Կանաչ ակումբ» (հասցե` «The Club», Թումանյան 40)` դիտելու հայ և օտարազգի հանրահայտ ռեժիսորների բնապահպանական գործերը: Մուտքն ազատ է:

Դիտումներին կհաջորդեն թեմատիկ քննարկումներ: Հայկական ֆիլմերի ցուցադրություններին ներկա կլինեն նաև հեղինակները, ովքեր անձամբ կներկայացնեն իրենց աշխատանքները: Ավելին, նախագիծը ենթադրում է ցուցադրությունների ծրագրում ընդգրկել «Արևորդի» էկո ակումբների սաների նկարահանած ֆիլմերը ևս, որոնք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ստեղծած բնապահպանական կրթության ցանցի արդյունքն են:

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնն այսօր ունի բնապահպանական ֆիլմերի հարուստ տեսադարան, որը նախորդ տարիների գործունեության արդյունքում անընդհատ համալրվել է ինչպես փառատոներին ներկայացված, այնպես էլ Հիմնադրամի թողարկած ֆիլմերով:

Այսպիսով, Արևորդին նպատակ ունի կիսել իր տեսադարանը համախոհների հետ` հույս ունենալով ձևավորել մի յուրահատուկ ակումբ, որտեղ վեր կհանվեն բնապահպանական կարևորագույն հիմնախնդիրներն ու կառաջարկվեն դրանց լուծման ուղիների հնարավոր տարբերակները:

«Կանաչ ակումբը» համաշխարհային կանաչ շարժմանը միանալու յուրատեսակ կոչ է բոլորի համար:

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը և «Կանաչ ակումբը» Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերից են: Գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Քո մասնակցությամբ դարձրու´ ապագան կանաչ. միացի´ր «Կանաչ ակումբին»: