27.03.2010

Տոնի´ր Երկրի օրվա 40-րդ տարեդարձը 2010 թվականի ապրիլին


Logo Green Generation Armenia

Տոնի´ր Երկրի օրվա 40-րդ տարեդարձը 2010 թվականի ապրիլին 2010 թվական, ապրիլ. միացի´ր Կանաչ սերնդին և տոնի´ր Երկրի օրվա 40-րդ տարեդարձը

 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վաշինգտոնի «Earth Day Network» համաշխարհային ցանցի պաշտոնական տարածաշրջանային ներկայացուցիչն է:

2010 թվականին Հիմնադրամն իր Երկրի օրյա միջոցառումները կիրականացնի Երկրի օրվա 40-րդ տարեդարձին նվիրված համընդհանուր գործողությունների համատեքստում: «Earth Day Network» համաշխարհային ցանցը հայտարարել է, որ այս տարվա համընդհանուր միջոցառումների մասնակիցները պետք է գործեն «Կանաչ սերունդ» կարգախոսի ներքո:

Հիմնադրամի` 2010 թվականի Երկրի օրվա միջոցառումների ծրագիրը մեծապես միտված է հայ հասարակության մեջ բնապահպանական գիտելիքների տարածմանն ու բնության պահպանությանը:

Քարոզարշավի հիմնական նպատակը հնարավորինս մեծաթիվ մարդկանց խրախուսելն է` դառնալու ակտիվ և բնապահպանությանը քաջատեղյակ քաղաքացիներ:

Միջոցառումները տեղի կունենան ապրիլի 2-22-ը` ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը: Միջոցառումների ծրագիրը կառաջարկի բնապահպանությանն առնչվող ֆիլմերի ցուցադրություններ, ծառատունկ-աղբահավաքներ, երեխաների լուսանկարների ցուցադրություններ և այլ կրթաճանաչողական ծրագրեր:

Հիմնադրամի նախաձեռնած «Կանաչ սերունդ» քարոզարշավի առանցքում կլինեն ողջ Հայաստանն ընդգրկող ծառատունկերը: Ոչ միայն անհատները, այլև ընկերությունների, դեսպանությունների և կազմակերպությունների աշխատակազմերը սիրով հրավիրված են` որպես կամավորներ միանալու ծառատուկներին:

Ծառերի համար նվիրատվություններն ավելի քան խրախուսվում են:

2010 թվականին լրանում է ոչ միայն Երկրի օրվա 40-րդ տարեդարձը, այլև Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Հետևաբար միջոցառումների առանցքային իրադարձությունը կլինի ապրիլի 22-ին Ցեղասպանության հուշահամալիրի հարակից այգում նախատեսվող խորհրդանշական ծառատունկը: Կտնկվի Արևմտյան Հայաստանից բերված 95 ծառ` հիշեցնելով մեզ, որ նոր սերունդը պետք է հոգա ապագայի մասին` չմոռանալով անցյալը:

Հիմնադրամը կոչ է անում բոլորին` միանալու «կանաչ սերնդին» և տնկելու մեկական ծառ` ի հիշատակ և հանուն խաղաղության:

Եվրոպայից և ԱՄՆ-ից նվիրատվությունների համար ստացեք հավելյալ տեղեկատվություն` մեր բանկային հաշվեհամարների մասին` սեղմելով այս հղումը:

Եթե Ձեզ հարկավոր է առավել մանրամասն տեղեկատվություն, գրեք մեզ`info@sunchild.org հասցեով կամ զանգահարեք +374 10 555209 հեռախոսահամարով: