26.03.2010

Մարտի 22. «Արևորդի» էկո-ակումբները տոնեցին Ջրի համաշխարհային օրը


Գյումրիի էկո-ակումբը հրապարակեց ջրի սպառմանն առնչվող

հետազոտության արդյունքները

Մարտի 22-ին` ժամը 13:00, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 30 միջնակարգ դպրոցում նշվեց Ջրի համաշխարհային օրը: Ցուցադրվեց Գեղարքունիքի մարզի Նորատուսի էկո-ակումբի սաների նկարահանած «Ջրի ճամփան» 20 րոպե տևողությամբ ֆիլմը, որին հաջորդեցին բնապահպանական` մասնավորապես ջրի հիմնախնդիրներին առնչվող քննարկումներ:

Միջոցառման ընթացքում Գյումրիի էկո-ակումբի երեխաներն ամփոփեցին իրենց անհատական հետազոտության արդյունքները. երեխաներրը 1 շաբաթ շարունակ օրական կտրվածքով գրառել էին ջրի այն ծավալը, որն օգտագործում են իրենց ընտանիքները` լվացվելու, լոգանքի, լվացքի, սպասքի լվացման և ճաշ պատրաստելու համար: Ըստ այդ հետազոտության` ակումբի սաներն ընդհանրացրել էին տվյալները` հանգելով միջին պատկերի` օրական 455 լ.: Փոքրիկ հետազոտողները համեմատության համար փորձել էին հաջորդող շաբաթն էլ խնայողաբար օգտագործել ջուրը, ինչի արդյունքում պատկերը զգալիորեն փոխվել էր` օրական 394 լ.:

Միջոցառման ավարտին անցկացվեց մրցույթ, թե ով ջրի խնայողության ամենաօպտիմալ տարբերակը կներկայացնի. հաղթողները պարգևատրվեցին:

Երևանի էկո-ակումբի սաները ծանոթացան Երևանի ջրարտադրման և ջրամատակարարման գաղտնիքներին

Մարտի 22-ին` ժամը 10:00-17:00, Երևանի Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50) տեղի ունեցավ Ջրի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի էկո-ակումբների սաները: Ցուցադրվեց Նորատուսի էկո-ակումբի նկարահանած «Ջրի ճամփան» 20 րոպե տևողությամբ ֆիլմը: Միաժամանակ ցուցադրվեցին նաև դպրոցականների` «Ջուրը երեխաների աչքերով» խորագրով գունանկարները և «Արևորդի» փառատոնի շրջանակում կազմակերպված «Մեր առաջին տարրը`կովկասյան ջուր» լուսանկարչական ցուցահանդես-մրցույթից ընտրված լուսանկարները:

Կլոր սեղանը կազմակերպել էին «Ազգային ջրային համագործակցություն», «Կայուն ջրային միջավայր», «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հկ-ները, «ՋԻՆՋ» ինժեներախորհրդատվական ընկերությունը և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:

Երևանի էկո-ակումբի սաներն այդ օրը մասնակցեցին նաև «Երևան Ջուր» ընկերության նախաձեռնած այցելությանը Կաթնաղբյուր` ծանոթանալու ջրարտադրման և ջրամատակարարման գաղտնիքներին: Երեխաները տեսան, թե ինչպես է կատարվում Երևան քաղաքի ջրի մատակարարումը` ակունքից մինչև բուն հասցեատեր:

Դիլիջանի էկո ակումբը կազմակերպեց բաց դաս` ջրի թեմայով

Մարտի 22-ին` ժամը 15:00, Դիլիջանի էկո-ակումբում (Շահամբերյանի անվան գեղարվեստի դպրոց) կայացավ բաց դաս, որի ընթացքում ակումբի սաները թեմատիկ տեսաշարով ներկայացրին ջրի խնդիրը: Ցուցադրվեց նաև ջրի խնդիրն արծարծող վավերագրական ֆիլմ:

Ջրի օրը` աշխարհում

1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» կոնֆերանսի ժամանակ որոշում ընդունվեց մարտի 22-ը սահմանել որպես Ջրի համաշխարհային օր: Եվ արդեն հաջորդ տարի` 1993թ-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի միջազգային օր:

Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է որևէ հրատապ խնդրի: 2007թ.-ը կրում էր «Պայքար ընդդեմ ջրի սակավության» խորագիրը, 2008թ.-ը հռչակվեց «Սանիտարիայի տարի», իսկ 2009թ.-ը հայտարարվեց անդրսահմանային ջրային ռեսուրսների տարի` կրելով «Ընդհանուր ջրեր` ընդհանուր հնարավորություններ» խորագիրը:

Այս տարի Ջրի համաշխարհային օրվա թեման է ջրի որակը` «Մաքուր ջուր` առողջ աշխարհի համար» կարգախոսով: