01.04.2010

«Կանաչ սերունդ, 2010» քարոզարշավի մամլո ասուլիսը ապրիլի 20-ին

Արմենիա Մարիոտ հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում, ժամը` 10:00-ին


Ս.թ. ապրիլի 20-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ նախատեսում է մամլո ասուլիս անցկացնել «Կանաչ սերունդ, 2010»  քարոզարշավի մասին ԶԼՄ-ներին տեղեկացնելու նպատակով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վաշինգտոնում գործող «Երկրի օր» միջազգային ցանցի պաշտոնական գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: 2010 թ.-ին Հիմնադրամը կազմակերպում է Երկրի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ որպես Երկրի օրվա 40-րդ տարեդարձին նվիրված համաշխարհային տոնակատարությունների մի մաս: «Երկրի օր» միջազգային ցանցը իր 40-րդ տարեդարձի տոնակատարությունների բոլոր մասնակիցներին կոչ է արել համախմբվել «Կանաչ սերունդ» կարգախոսի տակ:

Հիմնադրամի կողմից իրականացվող «Երկրի օր, 2010» ծրագրի հիմնական նպատակը հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է Հայաստանում գոյություն ունեցող շրջակա միջավայրի և բնապահպանական խնդիրների մասին:

Տարբեր միջոցառումներ են նախատեսվում իրականացվել Հայաստանի բոլոր մարզերում ապրիլի 17-30-ն ընկած ժամանակահատվածում: Կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր շրջակա միջավայրի խնդիրների, աղբահավաքների, ծառատունկերի, երեխաների լուսանկարչական ցուցահանդեսների մասին, ինչպես նաև բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածությունը խթանող այլ միջոցառումներ:

2010 թվականը հիշարժան է ոչ միայն Երկրի օրվա 40-րդ տարեդարձի կապակցությամբ. այս տարի լրանում է նաև Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը: «Կանաչ սերունդ, 2010»  քարոզարշավի ամենահանդիսավոր արարողությունը  ապրիլի 22-ին (այս օրը տոնվում է նաև Երկրի օրը) Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խորհրդանշական ծառատունկն է:  Մեծ ջանքերի շնորհիվ Հիմնադրամին հաջողվեց Արևմտյան Հայաստանից 95 տնկի բերել Երևան: Այս ծառատունկը հատուկ խորհուրդ ունի հիշեցնելու նոր սերնդին այն մասին, որ պետք է հոգալ ապագայի մասին` առանց անցյալը մոռանալու:

Բացի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախատեսվող ծառատունկից «Կանաչ սերունդ, 2010» քարոզարշավի շրջանակում կիրականացվեն նաև հետևյալ միջոցառումները`

  • Երևանի տարբեր հանրախանութներում թղթե տոպրակների ներմուծում
  • «Կանաչ սերունդ» ավտոբուս–ծրագրի մեկնարկ. շարժական կինոթատրոնով և գրադարանով զինված միկրոավտոբուսով շրջակա միջավայրի խնդիրների մասին տեղեկատվության տարածում Հայաստանի բոլոր մարզերում
  • Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկների հավաքում և վերամշակում
  • ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության բոլոր մասնաճյուղերում ջրի թեմային նվիրված երեխաների լուսանկարչական ցուցահանդեսի նկարների ցուցադրություն
  • Վանաձորի դպրոցականների համար առաջին անգամ կազմակերպվող «Կանաչ դպրոց» կարգախոսով աղբահավաք-մրցույթ

Վերոնշյալ բոլոր միջոցառումների մասին մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն մամլո ասուլիսի ժամանակ:

Ավելին`Ցեղասպանութան թանգարան-ինստիտուտի տնօրեն`պրն. Հայկ Դեմոյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն` պրն. Ռուբեն Խաչատրյանը, ինչպես նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն`պրն. Ռալֆ Յիրիկյանը կպատասխանեն լրագրողների բոլոր հարցերին: