07.04.2010

Այս շաբաթ «Կանաչ ակումբի» քննարկման թեման թափառող շներն էին


Կինոդիտման մասնակիցների թեժ հարցուպատասխանն ավարտվեց բարեփոխումների ակնկալիքով:
    
Ապրիլի 3-ին  «Կանաչ ակումբը» մի հարկի տակ էր հավաքել 50-ից ավել կենդանասերների. կինոէկրանին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրծաձորի «Արևորդի» էկո-ակումբի սաների նկարահանած «Համր ճիչ» և անհատ նախաձեռնող, 18-ամյա Արմինե Քոչարյանի հեղինակած «Լքված ընկերներին` սիրով» ֆիլմերն էին:

Դպրոցահասակ սաների` ամիսների աշխատանքի արդյունքում  ստեղծված 15 րոպե տևողությամբ «Համր ճիչը»  յուրատեսակ համադրությամբ ներկայացնում է կենդանիներին ազատության մեջ խնամող ու   անազատության մեջ պահող մարդկանց հոգեբանությունն ու վարքագիծը:

«Մարդը և կենդանին» թեմայով ցուցադրություններին ներկա էին նաև Հիմնադրամի Երևանի էկո-ակումբի սաները, ովքեր ամենայն հետաքրքրությամբ ևս մեկ անգամ դիտեցին ֆիլմն ու կիսվեցին տպավորություններով:

Բուռն քննարկման տեղիք տվեց նաև 20 րոպե տևողությամբ «Լքված ընկերներին` սիրով» ֆիլմը, որը ներկայացնում էր անտուն շների խնամքի այլընտրանքային մի տարբերակ, որը գործի է դրել «Փրկեք կենդանիներին» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության տնօրեն Նունե Մեհրաբյանը ֆիլմում պատմում է, թե որքան դժվարությամբ են կարողացել Երևանում հիմնել շների կացարան, որտեղ այժմ խնամվում են 185 թափառող շներ:

«Այս քաղաքում ինձ ամենից շատ բարկացնում է մարդկանց անտարբերությունը»,-ասում է Մեհրաբյանը`հորդորելով փոքր-ինչ մեծահոգի լինել, քանի որ «այդ չորքոտանի բարեկամներն ունեն մեր կարիքը»:

Հեղինակը խոստովանեց, որ  ֆիլմը սիրողական է, բայց ունի կոնկրոտ նպատակ` փոխել մարդկանց վերաբերմունքը կենդանիների նկատմամբ:

Ֆիլմի դիտմանը հաջորդեց ներկաների հարցուպատասխանը, որում ամենից շատ բողոք կար` ուղղված պատկան մարմիններին, որոնք նախընտրում են սպանելով լուծել թափառող  շների հարցը, քան թե միջոցներն ուղղել դեպի կացարանների հիմնում:

Խնդրին անդրադարձավ նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական ծրագրերի աշխատակից Գոհար Ղազինյանը` նշելով, որ թեև պետբյուջեից  գումարներ են հատկացվում, բայց իրավիճակը չի փոխվում. թափառող կենդանիներին շարունակում են սպանել:

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ հավելեց, որ «նույն սպանդը շարունակվում է նաև վայրի բնության մեջ, անգամ Կարմիր գրքում գրանցված կենդանիներին են վերացնում»:

Հյուրերի թվում էր նաև «Pro Paws» հկ  նախագահ Էլզիկ Ազիզյանը, ում նախաձեռնությամբ  արդեն իսկ կենդանիների խնամքի մասին  մի քանի թռուցիկներ են բաժանվել: Իսկ այս տարվա հուլիսին նախատեսվում է անցկացնել «Թափառող կենդանիների կառավարումը Կովկասում»  թեմայով առաջին կոնֆերանսը, որի կազմակերպիչներից է նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:

Չնայած ընդհանուր քննադատական վերաբերմունքին, բոլորը լիահույս  էին, որ առաջիկայում դրական տեղաշարժեր ևս կնկատվեն. «չէ որ «1000 մղոնը ևս սկսում է առաջին քայլով»,-ամփոփեց Ազիզյանը: