23.05.2014

Մամուլ ի հաղորդագրություն

Բարձրաքաշ Ս. Գրիգոր Վանքը`Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մայիսի 26-ին կմասնակցի Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքում կայանալիք համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվում է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկում ընդգրկված` մշակութային ժառանգություն ունեցող վայրերում: Այս տարի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ, Լոռվա մարզի Բարձրաքաշ Սբ.Գրիգոր վանքն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի»` համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում:

Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագիրն իրականացվում է FPWC-ի ամենամյա Երկրի օր քարոզարշավի շրջանակներում: Այն ենթադրում է աղբահավաք, ծառատունկ և այլ միջոցառումներ: Ծրագրի նպատակն է այսօրինակ միջոցառումների շնորհիվ Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքը դարձնել ավելի գրավիչ թե՛ համայնքի, թե՛ զբոսաշրջիկների համար և վերականգնել լքված վանքի գրավչությունը:

Համալիրն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» 2014 թվականի ցանկում` տարիներ շարունակ անտեսված լինելու և ավելի մեծ ուշադրության ու պաշտպանության տակ առնվելու պատճառով:

Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը համայնքներին հնարավորություն է տալիս մասնակցել «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկի մեջ ընդգրկված հուշարձանների պահպանությանը: Մենք ուրախ ենք այս միջոցառումների իրականացմանն աջակցելու համար և հուսով ենք, որ դրանք կնպաստեն այդ վայրերի կարևորության ամրապնդմանը»,- ասել է «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» նախագահ Բոնի Բուրնհեմը:

Առաքելական եկեղեցու առաջնորդ և հայ ժողովրդի սուրբ բարեխոս Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը կրող Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը նախկինում եղել է հոգևոր համալիր: Հայաստանի հյուսիսում տեղակայված համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից և այլ կառույցներից: Այդ թվում` հաճախ խաչի խորհրդանիշերով փորագրված բազմաթիվ խաչքարերից և հուշակոթողներից: Քարե կառույցները պահպանվել են առանց տանիքի ավերակների մեջ: Համալիրի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ. շատերը կարծում են, որ այն հիմնադրվել է 10-րդ դարում, սակայն առկա են 13-րդ դարասկզբի բազմաթիվ արձանագրություններ (Զաքարյանների իշխանության ժամանակաշրջան): Պահպանված վերջին արձանագրությունը թվագրված է 1247թ-ով: Ենթադրվում է, որ համալիրն անուշադրության է մատնվել թաթար-մոնղոլների Հայաստան ներխուժելուց հետո:

Համալիրը գտնվում է խորը կիրճի եզրին և անուշադրության հետևանքով ծածկվել է գերխիտ բուսականությամբ: Բացահայտումների ցանկություն առաջացնող վանք կարելի է հասնել միայն ոտքով: Իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները և դրանցում շահագրգիռ կողմերի ներգրավումը կարող են դառնալ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի պահպանությանն ուղղված առաջին քայլը:

Մեդիա տեղեկատու

Ագնեսա Կարապետյան, ծրագրի համակարգող, 093219618, agnesa.karapetyan@fpwc.org
Կարինե Մուրադյան, լրատվական բաժին, 055390136, press@fpwc.org
Գրանցման համար նախապես զանգահարել FPWC գրասենյակ, հեռ. 010 585884 կամ 010 555209

 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ