25.04.2014

ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ- Ը ԵՎ ԱՄՆ ՄԶԳ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ


Սույն թվականի ապրիլի 25-ին Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ազդարարեցին ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված ծրագրերի մեկնարկը:

Նախաձեռնության շնորհիվ էականորեն կբարելավվի խմելու ջրի հասանելիությունը Հայաստանի չորս գյուղական համայնքներում` Տավուշի Բերքաբեր գյուղում և Արմավիրի Հայկավան, Արազապ և Լուկաշին գյուղերում: Լուկաշին գյուղում կայացած միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը,Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը և համայնքի բնակիչներ:Թերի ջրամատակարարումը, ցածր ճնշումը, անարդյունավետությունը և անվտանգության ոչ բավարար մակարդակը վերը նշված չորս համայքների առջև ծառացած լուրջ խնդիրներ են: Տներում խմելու ջուրը կամ սահմանափակ է`օրական 2-3 ժամ, կամ ընդհանրապես բացակայում է, ինչը ստիպում է բնակիչներին ջուրը կրել դույլերով մոտակա աղբյուրներից: Ջրի ու էլեկտրաէներգիայի կորուստը նույնպես տարածված երևույթներ են՝ անարդյունավետության,հնացած ենթակառուցվածքների և ջրաչափերի բացակայության պատճառով:

Ծրագրերի միջոցով այս խնդիրները լուծում կստանան՝ նոր խողովակաշարերի, պոմպակայանների և ջրամբարային կայանների տեղադրման միջոցով, ինչպես նաև ջրային համակարգերում ջրաչափերի տեղադրումով, ինչը կօգնի էականորեն բարձրացնել ջրի օգտագործման արդյունավետությունը: Համայքները ձեռք կբերեն եկամտի հավելյալ աղբյուր:

«Խմելու ջուրը մեզ համար ամենակարևոր բանն է այսօր», - ասում է գյուղի բնակիչը՝ շարունակելով ջուրը դույլերով կրել: Ծրագրերն իրականացվելու են ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր ծրագրի» և FPWC-ի կողմից: Ընդհանուր առմամբ` ծրագրի արդյունքներից կօգտվի վերը նշված չորս գյուղերի մոտ 6,800 բնակիչ: