29.04.2014

Ավանդական ծաղկահավաքը տեղի ունեցավ ապրիլի 26-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն հինգերորդ անգամ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպեց ավանդական դարձած ծաղկահավաք:

 Միջոցառմանը մասնակցեցին կամավորներ, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ, ովքեր նոր շունչ հաղորդեցին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված հազարավոր ծաղիկների:

Նախքան ծրագրի մեկնարկը՝ 2010 թվականը, շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում և կուտակվում էր Ծիծեռնակաբերդի տարածքում, իսկ լավագույն դեպքում այրվում` որպես աղբ: Այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նախաձեռնել և 2010 թվականից սկսել է իրականացնել ծաղկահավաքի միջոցառումը: Հիմնադրամի այս նախաձեռնությունը ամենամյա <<Երկրի օր>> քարոզարշավի շրջանակներում  իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:

«Այն մարդիկ, ովքեր գիտակցում են այս գաղափարի կարևորությունը, միանում են այս գեղեցիկ նախաձեռնությանը: Նրանք երկրորդ կյանք են տալիս այս ծաղիկներին`Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար ստեղծելով հուշագրերի և շնորհակալագրերի թղթեր: Ապրիլքսանչորսյան դեպքերը մշտապես պետք է մնան հայերի և օտարերկրացիների հիշողություններում»,-իր խոսքում նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվեցին, ծաղկաթերթիկներն առանձնացվեցին ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն  թղթի   վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերից  կպատրաստի  հուշագրեր, շնորհակալագրեր և նամակներ իսկ ցողուններից պատրաստված  պարարտախառնուրդը կօգտագործվի  այգիների մշակման համար:

Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ այս նախաձեռնությանն աջակցելը մեծ խորհուրդ ունի.«Այս ծաղիկները նման  են մեր ազգին` պոկված հողից, ինչպես հայությունը Արևմտյան Հայաստանից, սակայն այս ծաղիկները կշարունակեն ապրել` մեր ազգի պես և մշտապես կհիշեցնեն այն ողբերգության մասին, որը տեղի ունեցավ 1915-ին» - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: