18.05.2014

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը երիտասարդ գյուղաբնակներին ներգրավում է բնության պահպանության և էկոտուրիզմի բնագավառում


Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Ուրցաձոր համայնքում ստեղծում է էկոտուրիզմի զարգացման նոր հնարավորություններ. հետիոտն և հեծյալ արշավների համար նախատեսված ուղիներ, տուրիստական երթուղիներ և տեղի բնակիչների տներում գիշերակացի ու նախաճաշի պայմաններ (B&B):

<<Առաջին հերթին փորձել ենք սոցիալապես անապահով ընտանիքներին ներգրավել  այս ծրագրի մեջ: Կարծում եմ, որ ծրագրի զարգացումը կնպաստի նաև տեղացիների համար նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտագաղթի տեմպերի կրճատմանը: Սոցիալապես վատ ապրող ընտանիքները կամաց-կամաց ոտքի կկանգնեն և իրենց անօգնական չեն զգա>>-իր խոսքում նշում է Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:

Այս ամենին զուգահեռ տեղի բնակիչների և, մասնավորապես B&B հյուրընկալողների համար կկազմակերպվեն դասընթացներ, որի արդյունքում վերջիններս կսովորեն զբոսաշրջիկներին ներկայացնել տեղի մշակույթն ու բնական ժառանգությունը:   

Հերիքնազ Զաքարյանն այն երկու ընտանիքներից մեկի անդամն է, ով սիրով ցանկություն է հայտնել մասնակցել այս ծրագրին և գիշերակաց տրամադրել լ զբոսաշրջիկներին: <<Ամենակարևորը` տան պայմաններում ես ունենում եմ իմ աշխատանքը, որը կդառնա իմ եկամտի աղբյուրը: Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել  ծրագրի կազմակերպիչներին`ընտանիքիս այս ծրագրում ներգրավելու համար>>:

Ռիտա Գևորգյանը նույնպես ուրախ է, որ իր տանը զբոսաշրջիկներ են  հանգստանալու: Նա  աշխատանք կունենա, բացի այդ  երեխաները կշփվեն նրանց հետ և օտար լեզուներ կսովորեն:

Ծրագրի նպատակն է նաև զարգացնել էկո տուրիզմը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուֆերային գոտու տարածքումպահպանել տեղի հարուստ կենդանական ու բուսական աշխարհը ապագա սերունդների համար, ինչպես նաև երիտասարդներին և հարակից գյուղերի բնակիչներին ապահովել եկամտի նոր աղբյուրներով: Ծրագիրը մասնավորապես կապված է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի համայնքային զարգացման հետ: Ինչպես շատ համայնքներում, Ուրցաձորում ևս առկա է արտագաղթի խնդիրը, հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր լքում են իրենց հայրենի գյուղը` այլ երկրներում աշխատանք փնտրելու նպատակով:

Տեղի երիտասարդները ևս կներգրավվեն ծրագրային աշխատանքներում, մասնավորապես, կօգնեն հետիոտն և հեծյալ արշավների համար նախատեսված ուղիների մշակմանը, կմասնակցեն ծառատունկերի, զբոսաշրջիկների համար կանցկացնեն արշավներ և կաջակցեն կենսաբազմազանության վերաբերյալ գիտական հետազոտությունների անցկացմանը, ինչի արդյունքում կունենան հավելյալ եկամուտներ: