19.05.2014

Հանդիպում ՀՀ Բնապահպանության նախարարի հետ


ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի պատվիրակության (IUCN NL), բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության (World Land Trust)  և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԲՊՄՄ Նիդերլանդների կոմիտեի արտաքին կապերի մասնագետ Ջեմմա Սփանը, դրամաշնորհների ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը,   բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության տնօրեն Ջոն Բարթոնը, ՎԼԹ խորհրդի անդամները, բրիտանական «Թայմս» պարբերականի թղթակից Սայմոն Բարնսն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ներկայացուցիչները` հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Մարկ Հոխեսլախը ներկայացրել է IUCN-ի գործունեության հիմնական ուղղությունները բնապահպանության ոլորտում: Տեղեկացնելով, որ վերջերս կառույցը կատարել է շուրջ կես միլիոն եվրոյի ներդրում Իրանի հանրապետության պահպանվող տարածքներում տեղական կազմակերպության`Iranian Cheetah Society-ի միջոցով ՝ հյուրը կարևորել է IUCN-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները: Մ. Հոխեսլախը շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ նկատել է, որ Ա. Գրիգորյանը իր վրա է վերցրել լուրջ մարտահրավեր, և իրենք պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան:
Հյուրերը տեղեկացրել են նաև, որ IUCN NL-ն աջակցել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին իր պահպանության տակ վերցնել Արարատի մարզի Ուրցաձորի համայնքի տարածքից մի մաս` վտանգված կենսաբազմազանության պահպանությունն իրականացնելու և էկոլոգիական միջանցքներ ապահովելու համար:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտելով, որ Նախարարությունը շահագրգռված է կազմակերպության հետ համագործակցության ընդլայնման հարցում՝ խոստացել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ քննարկել IUCN-ն կազմակերպությանն անդամակցելու հարցը: Նախարարը նկատել է նաև, որ IUCN-ի կողմից կենդանիների միգրացիոն տարածքների վարձակալությունը և պահպանությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանմանը, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների որոշ մասի լուծմանը, քանի որ վարձակալվող տարածքները գտնվում են համայնքային սեփականության գոտում:
Երկուստեք շնորհակալություն հայտնելով ջերմ և արդյունավետ հանդիպման համար՝ կողմերը պայմանավորվեցին խորացնել և էլ ավելի բարձր մակարդակի հասցնել համագործակցությունը` ուղղված ՀՀ բնության և կենսաբազմազանության պահպանությանը: