02.06.2014

«Համաշխարհային հուշարձան դիտարկողի» օրը Հայաստանում


Մայիսի 26-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցեցին Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքում իրականացվող համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը:

Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը ամենամյա տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվում է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկում ընդգրկված` մշակութային ժառանգություն ունեցող վայրերում:

Երեսուն երիտասարդներ, ովքեր մասնակցել են FPWC-ի կողմից իրականացվող «SOS Մշակույթ» ծրագրին և բազմաթիվ այլ կամավորներ միացան օրվա աշխատանքներին: Օրը սկսվեց վանքի մոտակայքում իրականացվող մաքրման աշխատանքներով: Աղբահավաքի նպատակն էր Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքը դարձնել ավելի գրավիչ թե՛ համայնքի, թե՛զբոսաշրջիկների
համար և վերականգնել լքված վանքի գրավչությունը:

Մեքենաներով հեռացվում էր խոշոր շինարարական աղբը, իսկ երիտասարդները ձեռքով մաքրում էին խոտերի միջի աղբը: Ընդհանուր առմամբ, երկու բեռնատար լի թափոններով հեռացվեցին տարածքից: Երիտասարդները, բազմաթիվ կամավորները և գյուղացիները ուրախ էին տեսնել, որ իրենց ժամանակի ու ջանքերի շնորհիվ վանքը կպահպանի իր բնական գեղեցկությունը:

Աղբահավաքից հետո մասնակիցները այցելեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը կրող Բարձրաքաշ Սբ.Գրիգոր վանքը, որը բաղկացած է երկու եկեղեցիներից և այլ կառույցներից: Շատերը կարծում են, որ այն հիմնադրվել է 10-րդ դարում: Ենթադրվում է, որ համալիրն անուշադրության է մատնվել թաթար-մոնղոլների Հայաստան ներխուժելուց հետո:

Համալիրը գտնվում է խորը կիրճի եզրին և անուշադրության հետևանքով ծածկվել է գերխիտ բուսականությամբ: Բացահայտումների ցանկություն ունեցող
երիտասարդները հաճույքով հաղթահարեցին դժվարամատչելի ճանապարհը և հասան վանք: Վանքի կողքին միջոցառման կազմակերպիչները տեղադրեցին ցուցանակներ՝ հորդորելով մաքուր պահպանել տարածքը:

«Այսօր մենք իրականացնում ենք ոչ միայն իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառում, այլև բարձրաձայնում ենք մշակութային և բնապահպանական կրթության կարևորությունը Հայաստանում», - ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, - «Այս միջոցառումը կարող է դառնալ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի պահպանությանն ուղղված առաջին քայլը»: