02.06.2014

FPWC-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշել են կենսաբազմազանության միջազգային օրը


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և  գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենսաբազմազանության միջազգային օրը համատեղ  մամուլի ասուլիս են հրավիրել: Այն կայացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:  Ասուլիսին մասնակցել է բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» միջազգային ընկերության պատվիրակությունը, որը  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միակ գործընկերն է հարավային Կովկասի տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կողմերի համատեղ ջանքերով իրականացված  ծրագրերի  արդյունքները:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի նպատակն է սթափեցնել մարդկությանը և իրականացնել բնապահպանական կրթության շարունակական ծրագրեր: Հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և գյուղական համայնքները դաշնակցում են ընդդեմ անտարբերության՝ բնության համար անդառնալի բարդ հետևանքների հիմնական աղբյուրի: Շրջակա միջավայրի հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը մարդկության մարտահրավերն է: Ժամանակն է, որ մենք սկսենք գիտակցել էկոլոգիական խնդիրները և միջոցներ ձեռնարկենք դրանց կանխարգելման ուղղությամբ: Վաղը կարող է արդեն ուշ լինել: Այս ծրագրերի միջոցով մենք պետք է մարդկանց օգնենք հասկանալ, որ բնության պահպանությունը նույնքան կարևոր է, որքան պետական սահմանն անառիկ պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպմանը բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության հիմնադիր և ղեկավար Ջոն Բարթոնը, ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը պարգևատրել է շնորհակալագրով՝ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար:

Ասուլիսն ավարտվել է խորհրդանշական ծառատունկով:

Բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ»  ընկերությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրման օրվանից (1989թ.) ապահովում է կենսաբազմազանությամբ հարուստ և վտանգված տարածքների պահպանություն՝ նպաստելով բնապահպանական շուրջ  400,000 հա տարածքների վերականգնմանը և պահպանմանը Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում և այլուր:  

Կառույցների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել`

www.fpwc.org, http://www.worldlandtrust.org/