03.06.2014

World Land Trust –ի պատվիրակությունը ժամանեց Հայաստան


Մայիսի 16 - ից 21-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հյուընկալել էր իր բրիտանական գործընկեր-կազմակերպության` World Land Trust-ի պատվիրակությանը: World Land Trust-ն աջակցում է հիմնադրամի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան նախագծին և բնության պահպանությանն ուղղված ծրագրերին:

Պատվիրակությունը գլխավորում էր WLT գործադիր տնօրեն Ջոն Բըրրթոնը, ով արդեն երրորդ անգամ էր այցելում Հայաստան: Հյուրերի թվում էին նաև Բիլ Օդին (BBC-ի հեռուստատեսային մեկնաբան/WLT խորհրդի անդամ), Նիկոլա Դեվիսը (գրող / WLT դեսպան), Սիմոն Բարնսը ("The Times" ամսագրի լրագրող/WLT խորհրդի անդամ) և Մերի Մկևոյը  (WLT պահպանության ծրագրերի ղեկավար): Հյուրերից Բիլ Օդին, Նիկոլա Դեվիսը, Սիմոն Բարնսը առաջին անգամ էին այցելում Հայաստան, ուստի այցի նպատակը ոչ միայն ծանոթանալն էր հիմնադրամի և WLT -ի համատեղ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան նախագծին, այլ նաև Հայաստանի բնական գեղեցկությանն ու հարուստ մշակույթին:

Այս նպատակով խմբի համար կազմվել էր համալիր ծրագիր, որն ընդգրկում էր հետիոտն արշավ ապաստարանի տարածքում, թռչունների դիտում Արմաշ գյուղում և այցելություն հարավային մարզերը`այդ թվում նաև Արցախ: "The Times" ամսագրի` վայրի բնության հայտնի տեսաբան Սիմոն Բարնսն իր խոսքում ամփոփեց Հայաստանի մասին իր տպավորությունները. «Որպես բնության սիրահար և WLT խորհրդի անդամ` ես եղել եմ բազմաթիվ երկրներում, բայց երբեք հնարավորություն չէր եղել այցելել Հայաստան: Թեև ես ակնկալում էի հետաքրքիր այցելություն, սակայն իրականում պատկերացում չունեի Հայաստանի զարմանահրաշ գեղեցկության մասին: Ուղևորությունը հրաշալի անցավ. տպավորված եմ բնապատկերների հարուստ բազմազանությամբ և կենդանական աշխարհով,  համեղ սննդով և տեղաբնակների ջերմ հյուրընկալությամբ: Վերադառնալուն պես հաճույքով կկիսվեմ տպավորություններովս: Համոզված եմ` Հայաստանը կարող է լինել լավագույն վայր ցանկացած բնության սիրահարի համար»:

Հյուրերի այցը եզրափակվեց մի շարք հետաքրքիր հանդիպումներով բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանի, հայտնի բուսաբան և հիմնադրամի խորհրդական, պրոֆեսոր Նորա Գաբրիելյանի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ, ինչպես նաև տեղական համայնքների մի շարք ներկայացուցիչների` այդ թվում Ուրցաձորի գյուղապետ Ռաֆայել Անդրեասյանի հետ: Բոլոր այս հանդիպումների ընթացքում WLT գլխավոր տնօրեն և հիմնադիր Ջոն Բըրթոնն իր գնահատանքի խոսքն արտահայեց  հիմնադրամի` բնապահպանությանն ուղղված ջանքերին: Նա նաև բոլոր շահագրգիռ կողմերին կոչ արեց աջակցել Խոսրովի անտառ պետական ​​արգելոցի բուֆերային գոտու եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված FPWC-ի նորարարական ծրագրերին` զարգացնելով Հայաստանում առաջին մասնավոր պահպանվող տարածքը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը:

Գրող Նիկոլաս Դեվիսը, ով մասնավորապես հայտնի է վայրի բնության մասին իր գրքերով և հեռուստատեսային ծրագրերով, Հայաստան էր ժամանել Կովկասյան հովազի մասին տեղեկություն հավաքելու նպատակով: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը բացահայտելուց և հիմնադրամի պահպանության ծրագրերի փորձագետ Մանուկ Մանուկյանի հետ հարցազրույցից հետո նա ցանկություն հայտնեց ավելի խորությամբ ծանոթանալ հովազի բնական միջավայրի և նրա վարքագծի առանձնահատկություններին: Նա նաև այցելեց Ուրցաձոր գյուղ` խորությամբ ծանոթանալու համայնքի կյանքին և այն տեղացիների ապրելակերպին, ովքեր այդքան մոտ են ապրում այնպիսի հազվագյուտ վայրի կենդանիների ինչպիսիք են հովազը, արջը, լուսանը և այլն:

Սիմոն Բարնսի նման լինելով փորձառու ճանապարհորդ` նա մեծապես տպավորված էր Հայաստան իր այցով. «Հուսով եմ հովազի մասին իմ նոր գիրքը կամփոփի Հայաստանից ստացած իմ անմոռանալի տպավորությունները, որոնք կապված են ոչ միայն եզակի բնապատկերների, զարմանալի բուսականության և հարուստ կենդանական աշխարհի, այլ նաև գյուղական համայնքներում ապրող մարդկանց հետ: Գրքում կխոսվի այս մարդկանց  բարության, հյուրընկալության, տոկունություն մասին, ովքեր,  չնայած բոլոր դժվարությունների, ապրում են բնության մեջ և բնության հետ միասին: Սա ինձ համար  ճանապարհորդության էր մի նոր աշխարհ, որտեղ ես դեռ պատրաստվում եմ վերադառնալ»: