10.06.2014

«Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված միջոցառում` Երևանի կենդանաբանական այգում


Հունիսի 5-ին  Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Երևանյան ամառ 2014» Երևանի քաղաքապետարանի եռամսյա միջոցառումների ծրագրի մաս կազմող «Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված միջոցառում, որն իրականացվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության հետ համատեղ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, WWF հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ և այլոք: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ողջունելով նրանց նախաձեռնությունը: Միջոցառմանը ներկա էին բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և առևտրային մի շարք ընկերություններ, որոնք Երևանի կենդանաբանական այգու կողմից տրամադրված անվճար տաղավարներում ներկայացնում էին իրենց բնապահպանական արտադրանքը կամ «կանաչ» ապրելակերպ խորհրդանշող գործունեությունը:

Իրենց տաղավարներով ներկայացան «Ժայռ »  համահայկական երիտասարդական ՀԿ, Հայկական բնապահպանական ցանցը, «Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» ՀԿ-ն, «ՍոլՎար  Սիսթեմս»  ՍՊԸ-ն, «Այրուձի» ՀԿ, ՇՏԻԳԵՆ ընկերությունը,  «ՆՈՅ» բնական աղբյուրի ջուր և «Բջնի» բնական հանքային ջուրը, «Երևանի  կենդանաբանական այգի»  ՀՈԱԿ, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Արևորդի էկո տուրը, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան , ebike.am-ն:

 

«Այգին այն հանրային վայրն է, որը ծառայում է  երևանցիների հանգստի համար, ինչպես նաև քարոզում  է կանաչ ապրելակերպ և կանաչ մոտեցում` ուղղված մեր բնության և կենսաբազմազանության պահպանմանը»-իր խոսքում նշեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խաղային տաղավարում  երեխաների համար խաղարկվեց հեծանիվ, իսկ լավագույն տաղավարներն արժանացան ՀՀ Բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված մրցանակների: Օրը եզրափակվեց մանկական նկարների ցուցահանդեսով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միջոցառման օրը՝ ժամը 9:30-ից մինչև 17:00-ն, բոլոր այցելուների համար մուտքը Երևանի կենդանաբանական այգի անվճար էր: