19.06.2014

Էկո տուրիզմի զարգացման ծրագիր Ուրցաձոր համայնքում


Վայրի բնության և  մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ Ուրցաձոր համայնքում  շարունակում է կազմակերպել  էկոտուրիզմի վերաբերյալ դասընթացներ տեղաբնակների համար Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության Փոքր դրամաշնորհների  ծրագրի աջակցությամբ: 

Ծրագրի շրջանակներում հիմնադրամն իր գործընկերների հետ համատեղ իրականացրել է 2 գյուղաբնակների տների վերանորոգում, որպեսզի վերջիններս կարողանան ստանալ հավելյալ եկամուտ` գիշերակաց և նախաճաշ  (B&B) առաջարկելով զբոսաշրջիկներին: Բացի նշված տներից, հիմնադրամն Ուրցաձոր համայնքում կառուցել է նաև էկո-կրթական կենտրոն, որը նույնպես ծառայում է դասընթացների կազմակերպման համար և հարմարություններ առաջարկում զբոսաշրջիկներին:  Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում էկո տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրիրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ այս նախաձեռնության շնորհիվ  հայտնի է դառնում  վերոնշյալ մասնավոր պահպանվող տարածքի և Հայաստանի՝ որպես էկոզբոսաշրջություն առաջարկող երկրի մասին, ինչն, իր հերթին, նպաստում է  բնության և կենսաբազմազանության պահպանությանը: Բացի այդ, էկո տուրիզմի զարգացումը Ուրցաձորում տեղի համայնքի բնակիչներին հավելյալ եկամտի ստացման հնարավորություն է ընձեռում` հաշվի առնելով, որ համայնքներում աշխատատեղերը սահմանափակ են:

Դասընթացները  համայնքում էկոտուրիզմի զարգացման ծրագրի կարևոր բաղադրիչ են, որ հնարավորություն կընձեռեն գյուղաբնակներին ձեռք բերել համապատասխան գիտելիքներ էկոտուրիզմի վերաբերյալ:  Էկո տուրիզմի դասընթացներին մասնակցում են B&B տանտերերը, համայնքի  ներկայացուցիչները, այլ շահագրգիռ անձինք, ովքեր ձեռք են  բերում գիտելիքներ և սովորում վարել շահույթ բերող իրենց փոքր տնտեսությունը, ծանոթանում են առաջին օգնության հիմունքներին, սովորում են ներկայացնել իրենց երկրի և համայնքի բնական ժառանգությունն ու տեսարժան վայրերը: Այս նախագծի շնորհիվ  հիմնադրամը միատեղում է համայնքի զարգացման հնարավորությունները և բնության պահպանության իր տեսլականը: