08.08.2014

Արմաշի լճակների թռչնատեսակները


Հայկական լեռնաշխարհը, գտնվելով թռչունների համաշխարհային չուի խոշորագույն ճանապարհին, հարուստ է բազմազան թռչնատեսակներով: Միայն Հայաստանում հաշվվում են շուրջ 350 տեսակ թռչուններ: ՀՀ-ում հանդիպող թռչունների ցանկը ներկայացված է աղյուսակում`
 
Ընտանիք     Տեսակների ընդհանուր թիվը      
Սուզահավանմաններ     2      
Սուզականմաններ     5      
Հավալուսնանմաններ     4      
Արագիլանմաններ     13      
Ֆլամինգոնմաններ     1      
Ճուռականմաններ     35      
Սագանմաններ     28      
Հավանմաններ     7      
Կռունկանմաներ     13      
Քարադրանմաններ     62      
Աղավնանմաններ     8      
Կկվանմաններ     2      
Բվանմաններ     7      
Այծկիթանմաններ     1      
Մանգաղաթևանմաններ     2      
Ներկարարանմաններ     5      
Փայտփորանմաններ     8      
Ճնճղուկանմաններ     146      
Ընդամենը    349
     
Արարատի մարզը ևս հարուստ է թռչնատեսակներով: Դեռևս 70-ական թվականներին Արարատյան հարթավայրում ստեղծվեցին արհեստական ձկնաբուծական տնտեսություններ մոտ 3500 հա ջրային մակերեսով: Այս տնտեսության տարածքը տեղակայված է թռչունների միգրացիայի կենտրոնական ուղիների սահմաններում և հանդիսանում է ջրաճահճային տեսակների չուի հարավային դարպասներից մեկը Արարատյան հարթավայրում: 70-ականների վերջում, երբ ջրամբարներում մասնակիորեն ձևավորված էր ջրային անողնաշարավոր կենդանիների համակարգը և բուսածածկը, որպես բնադրող տեսակներ այստեղ առաջինն են հայտնվում մեծ և փոքր սուզակներ և սև փարփարը, իսկ հետագայում ակնհայտ է դառնում չվող թռչուններից վարդագույն ու գանգրափետուր հավալուսների,  կտցարների, ջրածիծառների,  տառեղների, բադերի և այլ տեսակների պարբերաբար այցերը: Դրանցից մի մասը հաստատվել են այս տարածքներում որպես բնադրող տեսակներ, մյուս մասն անցնում է երկրի տարածքով` այլ բնադրավայրեր փնտրելու ակնկալիքով:
Արմաշի ձկնաբուծական լճակները շուրջ 1500 հա զբաղեցնող ջրաճահճային ամենամեծ տարածքերն են, որոնք գտնվում են Արարատյան հարթավայրում, Արմաշ և Երասխ գյուղերի մատույցներում, որտեղ բնադրվում են, մասամբ նաև՝ կերակրվում ու ձմեռում են վերը նշված թռչնատեսակների մեծ մասը, շուրջ 200 տեսակ: Նախկինում այս տնտեսությունը համարվում էր Անդրկովկասում ամենաառաջին մեծ տնտեսությունը:  
Արմաշի լճում հանդիպող հիմնական թռչնատեսակներից են` ճահճային մկնաճուռակը, փոքր սուզակը, սպիտակ արագիլը, կռնչան բադը, մեծ սուզակը, շիկակարմիր տառեղը, սև փարփարը, կարմիրգրքային տեսակներից` սուլթանական հավը, փոքր ձկնկուլը, սպիտակաաչք սուզաբադը, ոտնացուպիկը, վարդագույն լուսհավնը, բզակտուցը, տարգալակտուցը, քաջահավը, մարմարյա մրտիմն և այլն, ընդհանուր թվով մոտ 200 թռչնատեսակ, որից 80-%ը` բնադրվող: Արմաշի լիճը Հայաստանի թռչունների բոլոր բնադրող տեսակների բազմացման հիմնական վայրն է, բացի գանգրափետուր հավալուսնից ու ֆլամինգոյից: Առաջավոր Ասիայի էնդեմիկ տեսակներից հանդիպում են սպիտակագլուխ բադն ու  մարմարյա մրտիմնը, Հայաստանի  էնդեմիկներից` հայկական որորը:
Ճահիճների չորացումը և գյուղատնտեսական հողատարածքների ընդլայնումը, շինանյութեր ստանալու, կառուցապատման, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների հիմնման նպատակով ծառահատումները, անապատային աղքատիկ հողերով արոտավայրերում ընտանի կենդանիների գերարածեցումը,  ինչպես նաև մարդկանց գործունեության ու շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առաջացած գլոբալ տաքացումը խիստ բացասական ազդեցություն են թողել թռչնաշխարհի վրա: Բնակչության թվի ավելացումը և բնական պաշարների հանդեպ պահանջների աճը հանգեցրել են թռչունների բազմաթիվ բնադրավայրերի ավերման:
Սևանա լճի հարավ-արևելյան մասում  գտնվող Գիլի ջրաճահճային լճի վերացումից հետո (1953թ.), տեղի բնադրող թռչունների մեծ մասը, այդ թվում` քաջահավը, մոխրագույն սագն ու բադը,   տարգալակտուցը, մոխրաայտ սուզակը տեղափոխվել են Արմաշի լճի տարածք, ուր և արդեն մի քանի տասնյակ տարի բազմանում ու բնադրում են: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունը`որպես բնադրավայր (շուրջ 300 բույն) Կարմիր գրքում գրանցված մի քանի տասնյակ թռչնատեսակների համար, այսօր վտանգված է, իսկ կենսատոպի ոչնչացումը կհանգեցնի նաև նշված թռչնատեսակների վերացմանը: Ներկայումս փակվել են լիճը սնուցող արտեզյան ջրերը, տեղադրվել հաշվիչ սարքեր և փականներ, տարածքի որոշ մասը սեփականաշնորհվել է: Լիճը սնուցող միակ ջրանցքը  բավարար չէ լճի և թռչունների պահանջների համար:
Արմաշի լճին այսօր սպառնում է տափաստանացումն ու չորացումը, հետևաբար անհրաժեշտ է հրատապ միջոցառումներ ձեռնարկել Արմաշի լիճն ու կարմիրգրքային թռչնատեսակներին անհետացումից փրկելու համար: