26.08.2014

Ուրցաձորում տեղադրվեցին արեւային առաջին էներգահամակարգերը


Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում առաջին անգամ արեւային ջրատաքացուցիչների համակարգեր տեղադրվեցին: Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման առաջին` իրապես հաջողված փորձն իրականացվեց Ուրցաձոր գյուղի՝ գիշերակաց եւ նախաճաշ առաջարկող երեք հյուրատներում (B&B):

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող «Այլընտրանքային էներգիա» նախագիծն ընդգրկում է Հայաստանի 4 համայնքներ, որի բնակիչների համար նաեւ դասընթացներ են իրականացվում՝ համապատասխան բնապահպանական թեմաներով:

Իսկ նշված հյուրատների վերանորոգումը FPWC-ի մեկ այլ՝ «Երիտասարդ գյուղաբնակների ներգրավում բնության պահպանության եւ էկոտուրիզմի բնագավառում» նախագծի մաս էր: Բացի լոգարանի եւ կոյուղահամակարգի ամբողջական վերանորոգումից, հյուրատներում արեւային էներգահամակարգեր տեղադրվեցին, իսկ տանտերերն ու համայնքի մյուս հետաքրքրված բնակիչները B&B եւ էկոտուրիզմի բիզնեսի զարգացման դասընթացների են հաճախում:

Ուրցաձոր գյուղն էկոտուրիզմի առաջխաղացման մեծ ներուժ ունի իր աշխարհագրական դիրքի շնորհիվ.համայնքը FPWC-ի կողմից կառավարվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին կից է:
FPWC-ի համոզմամբ՝ այս տարածքում B&B հյուրատների զարգացումն էկոտուրիզմի առաջընթացին նպաստող կարեւոր քայլ է, եւ Ուրցաձորի օրինակը հետեւողական աշխատանքի արդյունքում կդառնա բնապահպանական կենսակերպ որդեգրած գյուղական B&B հյուրատների հաջողված մոդել: