13.09.2014

FPWC –ն մասնակցեց Armenia Expo 2014 ցուցահանդեսին Երեւանում


Սեպտեմբերի 5-ից 7-ը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մասնակցեց Armenia Expo 2014 տարածաշրջանային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ «Երեւան էքսպո» նորաբաց ցուցահանդեսային համալիրում: Ավելի քան 240 տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Սիրիայից, Վրաստանից եւ այլ երկրներից մասնակցեցին ցուցահանդեսին:

FPWC-ին ցուցահանդեսին ներկայացավ Արեւորդի էկո տուր նախագծով: Արեւորդի էկո տուրն առաջարկում է հեծանվային, հետիոտն արշավներ եւ ձիարշավներ, վայրի բնության դիտումներ, մշակութային արշավներ:

Արեւորդի էկո տուրը բացառիկ արշավներ է առաջարկում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, որ միակ մասնավոր պահպանվող տարածքն է ողջ Հարավային Կովկասում:

Ցուցահանդեսում FPWC-ն ներկայացրեց նաեւ Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնը: Տեղակայված լինելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում` կենտրոնը կարող է ծառայել որպես հյուրատուն, ինչպես նաեւ տարբեր դասընթացների, սեմինարների եւ այլ միջոցառումների անցկացման վայր:

Ցուցահանդեսում FPWC-ի մասնակցությանը աջակցել էր Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիան (EOCA), որի աջակցությամբ FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի կից Ուրցաձոր գյուղում համայնքային զարգացման ծրագիր է իրականացվում: Այս ծրագրի միջոցով FPWC-ն
նպատակ ունի երիտասարդ գյուղաբնակներին նոր աշխատատեղեր առաջարկել:

Սեպտեմբերի 7-ին ցուցահանդեսի բոլոր մասնակից ընկերությունները ստացան մասնակցության վկայականներ: