16.09.2014

Ուրցաձորի «Արևորդի» էկոակումբի ֆիլմը՝ հեղինակավոր կինոփառատոնի մրցութային ծրագրում


Ուրցաձորի «Արևորդի» էկոակումբի հեղինակած «Երեկ, այսօր, վաղը» ֆիլմն ընդգրկվել է չեխական Օստրավա քաղաքում անցկացվող Էկոֆիլմ բնապահպանական փառատոնի մրցութային ծրագրում:

2013թ. նկարահանված ֆիլմը պատմում է համայնքով անցնող Վեդի գետի մասին: Ժամանակին հարուստ կենդանական աշխարհ ունեցող գետն այժմ վտանգված է և վտանգ է ներկայացնում՝ մոտակա բնակավայրերի բնակիչները տարիներ շարունակ այն որպես աղբավայր են գործածել:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ Հայաստանի տարբեր համայնքներում գործող «Արևորդի» էկոակումբները գործում են 2006թ.-ից: Էկո ակումբներում իրականացվող կրթական ծրագրի առանցքային մաս են բնապահպանական ֆիլմերի նկարահանման դասընթացները:

Էկոակումբների՝ համայնքային բնապահպանական խնդիրները բացահայտող ֆիլմերը պարբերաբար շրջում են միջազգային կինոփառատոներով ու մի շարք մրցանակների են արժանացել, այդ թվում՝ առաջին:

Օստրավայի «Էկոֆիլմ» միջազգային կինոփառատոնը, որտեղ «Երեկ, այսօր, վաղը» կմրցի եվրոպական շուրջ 50 ֆիլմերի հետ, հիմնադրվել է 1974թ.-ին և համարվում է եվրոպական առաջին և ամենահեղինակավոր բնապահպանական փառատոներից մեկը: