29.10.2014

Տարվա ամենագունավոր օրը Երեւանի կենդանաբանական այգում


7-րդ Նկարչական օրը կյանքի կոչեց աշնան ամենավառ գույները Երեւանի կենդանաբանական այգում, որը հյուրընկալեց ավելի քան 3000 երեխայի Հայաստանի բոլոր անկյուններից: Բնության իրենց տեսլականը մարմնավորելու համար փոքրիկ նկարիչներին տրամադրված էր նկարելու անսահմանափակ տարածք, վրձիններ, մատիտներ, նկարակալներ ու անհրաժեշտ այլ նյութեր:

Ներկա երեխաներից ոմանք Նկարչական օրվան մասնակցում էին արդեն 7-րդ անգամ: Օրն, ինչպես ամեն տարի, այցելուներին հագեցած ծրագիր էր առաջարկում. մրցույթներ, խաղեր, երաժշտություն, պարեր, ցուցադրական մարտարվեստ եւ ինտերակտիվ դասընթացներ:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի սահմանած թեմաներն այս տարի չորսն էին. «Մի արջի պատմություն», «Հայաստանի թռչունները», «Երեւանի կենդանաբանական այգի 2025», «Պաշտպանիր օզոնային շերտը, քանի որ այն քեզ է պաշտպանում»:

Թեմաները պատահականորեն չեն ընտրվել: Միայն անցյալ ամսվա ընթացքում մասնավոր վայրերում պահվող արջերի փախուստի երկու դեպք է գրանցվել: Արջերին ռեստորաններում եւ մասնավոր այլ վայրերում՝ անընդունելի պահմաններում որպես զվարճանքի առարկա պահելն ապօրինի: Հայաստանում, ցավոք, լայն տարածում ունեցող այս երեւույթի հանդեպ վերաբերմունքը արմատական փոփոխության կարիք
ունի, ոչ պակաս անհրաժեշտ է նոր սերնդի մեջ գրագետ եւ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորումը:

«Կարեւոր է, որ երեխաները մեծանան՝ իրենց շրջապատող աշխարհի մասին նոր մտածողությամբ:Օրվա նպատակներից մեկը նրանց խրախուսելն է՝ գնահատել բնությունը, գիտակցել բնապահպանական խնդիրները եւ ապագայում սեփական լուծումներն առաջարկել դրանց ընդառաջ», ասում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Հիմնադրամի առաքելությունը չի սահմանափակվում Հայաստանով: Նկարչական օրը մասն է Համահայկական նկարչական մրցույթի, որին մասնակցության հայտեր են շարունակում ուղարկել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայ երեխաները:

Նկարչական մրցույթի մասին հավելյալ մանրամասների կարելի է ծանոթանալ՝ այցելելով
paintingday.sunchild.org կայքը: