04.11.2014

«Էլեկտրական հովիվ». նորարարական լուծում գյուղերում


Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում են նոր նախագիծ, որն իրականացվում է «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում: Համագործակցող կողմերը Արարատ մարզի Շաղափ, Լանջանիստ եւ Ուրցաձոր համայնքներում սկսել են տեղադրել տարածքի հսկողություն իրականացնող «էլեկտրական հովիվ»:

Արեւային «էլեկտրական հովիվը» արդյունավետ միջոց է՝ գիշատիչների որսը կանխելու, ընտանի կենդանիների եւ անասնագոմերի պաշտպանության համար: Էլեկտրական այս ցանկապատը հրաշալի միջոց է նաեւ նորատունկ այգիներ եւ դաշտեր պաշտպանելու տեսանկյունից: Առաջարկվող մեթոդը մարդ–վայրի բնություն հակամարտությունը նվազեցնելու եւ ներդաշնակություն ստեղծելու ժամանակակից, արդյունավետ լուծում է: Արդեն մի քանի տասնամյակ նորարարական այս մեթոդը հաջողությամբ կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում:

Արեւային էներգիայով աշխատող էլեկտրական ցանկապատի գործարկմանը ներկա կլինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավարներ եւ հիշատակված գյուղերի բնակիչները: Միջոցառման ընթացքում, «Էլեկտրական հովիվ» արտադրող առաջին (1938թ.) եւ առավել հաջողակ Գալլագեր կազմակերպության ներկայացուցիչը` Հենկ Բլակը, կներկայացնի նորարարական համակարգի աշխատանքը: Նա Հայաստան է հրավիրվել FPWC-ի աշխատակազմի եւ շահառուների վերապատրաստման նպատակով: