19.11.2014

Կենդանաբանական տվյալների հաշվառման ժամանակակից համակարգ . FPWC-ն հյուրընկալում է միջազգային գործընկերների


Նորարար տեխնոլոգիաների միջոցով կենդանաբանական տվյալների հաշվառման չափանիշների բարելավման, կենդանատեսակների վերաբերյալ տվյալների բազայի համակարգման, ռեգիստրի վարման նոր ձևաչափի կիրառման և գործընկեր այգիների ցանցն ընդլայնելու նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայաստան է հրավիրել Եվրասիական կենդանաբանական այգիների ասոցացիայում Կենդանատեսակների հաշվառման միջազգային տեղեկատվական համակարգի (ISIS) ներկայացուցիչ Ալեքս Կանտորովիչին: ԿՄՏՀ-ն հիմնադրվել է 1974թ.-ին, որն աշխարհի կենդանաբանական այգիների և ակվարիումների կենդանատեսակներին վերաբերող վստահելի, թարմ ու համապարփակ տեղեկատվություն է տրամադրում՝ ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով: ԿՄՏՀ-ի տրամադրած կենդանաբանական տվյալները ներառում են տեղեկատվություն 2,6 միլիոն կենդանիների մասին և շրջանառվում են մոտ 80 երկրների 800 կենդանաբանական այգիներում և ակվարիումներում:

Նոյեմբերի 20-ից 22-ը հրավիրված մասնագետը վերապատրաստման դասընթացներ կանցկացնի Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմի համար՝ ներկայացնելով կենդանիների տվյալների բազայի և տեղեկատվության կառավարման առցանց համակարգի (ZIMS) հետ աշխատանքի և ռեգիստրի վարման  առանձնահատկությունները:

Երևանի կենդանաբանական այգին ԿՄՏՀ ցանցին միացել է 2014թ. սեպտեմբերին և ներկայումս կիրառում է կենդանիների տվյալների բազայի վարման ZIMS ծրագիրը: Այս գործիքի շնորհիվ այգին մուտք ունի անազատության մեջ պահվող կենդանատեսակների վերաբերյալ տվյալների միջազգային բազա, որտեղ անդադար թարմացվում է անազատության մեջ պահվող կենդանատեսակների շարժի, գենետիկ պոպուլյացիայի աճի/անկման միտումների, այլ կենդանաբանական այգիներում ցուցադրվող կենդանատեսակների սեռատարիքային, վերարտադրության և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Այս մոդուլի միջոցով կարելի է առցանց տեղեկատվություն ստանալ այգիներում պահվող և իրացման ենթակա կենդանատեսակների գլխաքանակի, կենդանատեսակների սննդակարգի, բուժման լավագույն փորձին և միջազգային օրինակներին:
 
Տվյալների միջազգային բազան կօգնի Երևանի կենդանաբանական այգուն բարելավել կենդանիների գլխաքանակի հաշվառումը` ըստ եվրոպական միջազգային ստանդարտների, արդյունավետորեն կառավարել կենդանատեսակների էքսպոզիցիոն և պահուստային գլխաքանակը, տեղեկանալ կենդանիների տեղափոխության և փոխանակման նոր հնարավորություններին, ու վերահսկել կենդանի հավաքածուների գենետիկ պոպուլյացիաների վիճակը: Երկօրյա դասընթացին կմասնակցեն նաև Ալմա Աթայի /Ղազախստան, Վորոնեժի/Ռուսաստանի Դաշնություն և Թբիլիսիի/Վրաստան կենդանաբանական այգիների աշխատակիցները:

ԿՄՏՀ-ին անդամակցությունը Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիային (EAZA) անդամակցության նախապայմաններից մեկն է: EAZA-ին անդամակցությունն, իր հերթին, նշանակալիորեն կընդլայնի Երևանի կենդանաբանական այգու հնարավորությունների շրջանակը՝ կրթական, գիտական և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում: