22.11.2014

Եվրոպացի փորձագետները հանդիպեցին Երևանի փոխքաղաքապետի հետ


Նոյեմբերի 21-ին Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) ներկայացուցիչ, Երևանի կենդանաբանական այգու մենթոր Յանուշ Շանտոն, Ամստերդամի թագավորական ԱՐՏԻՍ կենդանաբանական այգու ներկայացուցիչ Ուորեն Սփենսերը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հանդիպում ունեցան Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի կարևորությունը, կենդանի հավաքածուի պլանավորումը և EAZA-ին անդամակցության նշանակությունն ու առանձնահատկությունները:

Հյուրերն այցելել էին Հայաստան Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ և հրավերով:

Արտիս թագավորական կենդանաբանական այգին Նիդերլանդների և մայրցամաքային Եվրոպայի ամենահին այգին է, ներառում է ակվարիում և պլանետարիում: Կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (EAZA) առաքելությունն է ոլորտում կրթության, գիտական և բնության պահպանությանն ուղղված աշխատանքների խթանումը: Երևանի կենդանաբանական այգին EAZA-ի թեկնածու անդամ է: