06.12.2014

Ուրցաձորի համայնքն ընտրում է այլընտրանքային էներգիա


«Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից գտնվող Ուրցաձոր համայնքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացրել է բնության պահպանությանն ու համայնքային զարգացմանն ուղղված բազմաթիվ նախագծեր: Դեկտեմբերի 4-ին համայնքում ամփոփվեց  «Այլընտրանքային էներգիա» նախագիծը, որն իրականացվում էր հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: 

Այս նախագծի շրջանակում Ուրցաձոր համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում (1600 մ) տեղադրվել են արտաքին լուսավորության 70 լուսադիոդային (LED) լուսատուներ: Նաեվ, ստեղծվել և վերանորոգվել են երեք հյուրատներ, որոնցից երկուսում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: 

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները, որոնք 80%-ով նվազեցնում են էներգիայի ծախսը, կլուսավորեն համայնքի փողոցներն ամռանը 3 ժամ, ձմռանը՝ 5 ու կես ժամ: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն, և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը: Իսկ նորաստեղծ էկո հյուրատները կայուն եկամտի աղբյուր են գյուղաբնակ անապահով ընտանիքների համար: Հյուրատներում տեղադրված արևային ջրատաքացուցիչները ձմռանը ջեռուցման ծախսը նվազեցնում են 50%-ով, ամռանը նվազեցնում են տաք ջրի ծախսը 100%-ով:

Այս նորարար ու ժամանակակից բնապահպանական տեխնոլոգիաների ներմուծումը Ուրցաձոր կնպաստի բնության պահպանությանը և համայնքի կայուն զարգացմանը: