12.12.2014

FPWC-ն ՄԱԶԾ ԳԴՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ հաջողությամբ ավարտեց Ուրցաձորի էկո կրթական կենտրոնի կառուցապատման ծրագիրը


Դեռ 2012թվականի սեպտեմբերին էր, երբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում սկսեց կառուցել Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնը: Ծրագրի հիմնական նպատակը, որին աջակցում էր ՄԱԶԾ ԳԴՀ Փոքր Դրամաշնորհների Ծրագիրը, Ուրցաձոր համայնքին պահպանվող տարածքի կառավարման և երկարաժամկետ պահպանման մեջ ընդգրկելն էր: Նախագիծն ուղղված էր

 աղքատության և արտագաղթի մեղմմանը` լրացուցիչ եկամտի ստացման հնարավորություններ և համայնքում նոր աշխատատեղեր ստեղծելու միջոցով` ուղղված բնության և կենսաբազմազանության պահպանմանը:

Ծրագրի ողջ ընթացքում Ուրցաձոր համայնքի բնակիչները ակտիվորեն մասնակցեցին համայնքում իրականացվող ծառատունկին և կենտրոնի կառուցապատման աշխատանքներին, որը նաև լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն ընձեռեց գյուղաբնակներին թե կենտրոնի կառուցման ողջ շրջանում, և թե դրա ավարտից հետո:    

Այսօր նորակառույց էկո-կրթական կենտրոնը, որը կառուցված է վերամշակված կոնտեյներներից, համալրված արևային ջրատաքացուցիչներով և կոյուղաջրերի զտման սարքով, ծառայում է որպես գիտական կենտրոն գիտնականների, հանգստավայր զբոսաշրջիկների և կրթական օջախ բնապահպանական կրթություն ուսուցանողների համար: Կենտրոնում կազմակերպվող միջոցառումներն ու դասընթացներն ուղղված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի մասին հանրության իրազեկվածության բարձրացմանն ու դրա կարևորության շեշտադրմանը: Համայնքում գյուղաբնակների վերանորոգված երկու տները ներկայումս ծառայում են որպես հյուրատներ, իսկ կազմակերպված դասընթացների արդյունքում նշված գյուղաբնակներն արդեն կարողանում են հաղորդակցվել անգլերեն լեզվով, ինչպես նաև գիտեն, թե ինչպես վարել սեփական գործը:

Սա ևս մեկ քայլ է էկոզբոսաշրջությունը տարածքում խթանելու համար, որին մեծապես նպաստում է նաև քայլարշավների, ձիարշավների, մշակութային և կրթական արշավների իրականացումը համայնքի տարածքում:

Թեև ծրագիրն ավարտված է, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում է Ուրցաձոր համայնքում կանաչ տեխնոլոգիաների ներդրումն ու դրա առաջխաղացումը` համակցելով բնության պահպանությունը համայնքային կայուն զարգացման հետ