15.12.2014

Կանաչ տեխնոլոգիաներ՝ սահմանամերձ Վահան գյուղում


Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը 28 կիլոմետր ընդհանուր սահման ունի Ադրբեջանի հետ: Շուրջ 6 ամիս ձգվող ձմեռն իսկական մարտահրավեր է 1228 տեղաբնակների համար: 

Գյուղի երկհարկանի մանկապարտեզը կառուցվել է 60-ականների վերջում: Հիմա այնտեղ հաճախում են 42 երեխաներ, աշխատողներն էլ 11-ն են: Մինչև վերջերս մանկապարտեզում չկար ջեռուցման կամ տաք ջրի որևէ հնարավորություն: 

2014թ.-ի մարտին, սակայն, Վահանը դարձավ Հայաստանի 6 համայնքներից մեկը, որտեղ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ սկսեց իրականացնել «Այլընտրանքային էներգիա»  նախագիծը: Դեկտեմբերի 11-ին հաջողությամբ ավարտվեց տասն ամիս տևողությամբ նախագիծը, որի շրջանակում մանկապարտեզում ջրատաքացուցիչ արևային համակարգ տեղադրվեց և կարողությունների զարգացման դասընթացներ անցկացվեցին տեղացիների համար: 

Ջրատաքացուցիչ համակարգը միացվել է մանկապարտեզի ջեռուցման և տաք ջրի մատակարարման համակարգին, որի միջոցով ցերեկային ժամերին ամբողջությամբ անվճար սկզբունքով ջեռուցվում և տաք ջուր է մատակարարվում մանկապարտեզին: Մանկապարտեզն աշխատում է ցերեկային ժամերին, իսկ գիշերն անհրաժեշտ է լինում ապահովել միայն ջեռուցում, որպեսզի համակարգը չսառչի: Այս ամենի արդյունքում հնարավոր է լինում առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել ծախսը: Արևային ջրատաքացուցիչ համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: 

Գյուղաբնակներին այլընտրանքային էներգիա օգտագործելու հնարավորություն ընձեռելն այս նախաձեռնության առանցքային բաղադրիչ է: Հայաստանն արևային էներգիայի դրական ներուժ ունի. այլընտրանքային և էներգախնայող տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները նպաստում են երկրի գյուղական համայնքներում բնապահպանական և սոցիալական բարեփոխումներին: