«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն


26.03.2010

2007 թ. ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իրականացրեց «Արևորդի» բնապահպանական փառատոնը: Այս եզակի իրադարձությունը անցկացվում է ամեն երկրորդ տարին, և միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ Հարավ-կովկասյան շրջանում: Հոկտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի անցկացումը: ՆՓԱԿ, «Նարեկացի» արվեստի միություն մշակութային կենտրոնները, ինչպես նաև «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը կհյուրընկալեն փառատոնի տարբեր ծրագրեր:

Հայաստանում, ինչպես նաև հարևան երկրներում, մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում տարածաշրջանի բնական ժառանգության բացառիկ արժեքը, մինչդեռ միջազգային կազմակերպությունները դասակարգում են ողջ Հարավային Կովկասը որպես կենսաբազմազանության թեժակետ: Հայաստանը գտնվում է այս թեժակետի հենց կենտրոնում: Այդ իսկ պատճառով, Հայաստանի դիրքը կարելի է առավելագույնս բարենպաստ համարել միջազգային մասնակցության բնապահպանական փառատոնի անցկացման համար: Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության և բնապահպանության վրա, և բարձրացնել հասարակության` հատկապես երեխաների և երիտասարդության գիտակցության մակարդակը այդ խնդիրների շուրջ:

Փառատոնի ծրագիրը համատեղում է բնությանը նվիրված ֆիլմերի ծրագիրը այլ տարաբնույթ միջոցառումների հետ (սեմինարներ, արվեստի ցուցահանդեսներ, համերգներ, բնապահպանական ակցիաներ): Վերջնանպատակը սեմինարների, բաց քննարկումների, համաժողովների և թրենինգների անցկացման համար բաց ֆորումի ստեղծումն է: Ամբողջ աշխարհից ավելի քան 60 հյուրեր` ռեժիսորներ, արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիրներ և ճանաչված բնապահպաններ,  կմասնակցեն փառատոնին:

Քանի որ փառատոնը կարևորում է երիտասարդ սերնդի մասնակցությունը, այն ներառում է երեխաների համար նախատեսված մեծ ծրագիր` պատանի ռեժիսորների մրցութային բաժին, ցուցահանդեսներ և մի շարք այլ նախաձեռնություններ:

Loading the player...