Փառատոնի բացման մամուլի ասուլիս


26.03.2010

Մամուլի հաղորդագրություն: Մեկնարկեց «Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը:

Հոկտեմբերի 22-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի ունեցավ փառատոնի մամուլի ասուլիսը:

Առաջին  անգամ 2007թ. Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացրեց «Արևորդի» տարածաշրջանային բնապահպանական փառատոնը: «Արևորդին» միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ hարավկովկասյան տարածաշրջանում և անցկացվում է երկու տարին մեկ: Այս տարի երկրորդ անգամ կայացավ «Արևորդի»` արդեն միջազգային բնապահպանական փառատոնը:

Փառատոնի  նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության պահպանության վրա, ընդգրկելով հասարակության բոլոր շերտերը` երեխաներից, երիտասարդներից սկսած մինչև բիզնես ոլորտ ու գործարարներ` բարձրացնել հասարակության գիտակցության և պատասխանատվության մակարդակը:

Փառատոնը ներառեց ոչ միայն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր, այլև բազմաթիվ բնապահպանական միջոցառումներ ու ակցիաներ:  

Ֆիլմերի ծրագրում ցուցադրվեց 85 ֆիլմ 30 երկրներից. 16 ֆիլմ` հիմնական մրցութային ծրագրում և 35 ֆիլմ` տեղեկատվական ծրագրում:

«Արևորդին»` երեխաների համար

Ուշադրության  կենտրոնում ունենալով հատկապես երեխաներին ու երիտասարդներին` փառատոնը մեծ ֆիլմային ծրագիր էր նախատեսել նաև նրանց համար` 32 ֆիլմ` կրթական և երեխաների մրցութային ծրագրում:

Բոլոր ցուցադրություններն ազատ մուտք ունեին: Երեխաների համար նախատեսված կրթական ֆիլմերի ծրագրին մասնակցելու համար հազարավոր դպրոցականներ և երիտասարդներ ֆիլմերը դիտելու հնարավորություն ունեցան: Կազմակերպվեցին նաև «հարց ու պատասխան» ձևաչափով հանդիպումներ ռեժիսորների, բնապահպանների հետ:

Փառատոնի  մեկնարկն ազդարարեցին պատանիներն ու երիտասարդները` առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող կենդանիների դիմակահանդես-քայլերթով: Թափոններից պատրաստված կենդանակերպ զգեստներով և դիմակներով 500-ից ավելի պատանիներ և երիտասարդներ, անցնելով մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներով, խրախուսում էին անցորդներին միանալ առաջիկա օրերին ծավալվելիք բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին:  

Դիմակահանդես-քայլերթի մասնակիցները, ինչպես նաև երաժշտական խմբերը հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր մրցույթների` ստանալով մրցանակներ ինչպես փառատոնի, այնպես էլ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից:

ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության և GTZ ընկերության հետ  համատեղ իրականացվեց նաև «Մասնագիտական կողմնորոշում» սեմինար-դասընթացը 13-16 տարեկան 150 պատանիների համար: Նրանք ժամանել էին Երևանից ու Հայաստանի 4 մարզերից` Լոռի, Տավուշ, Արարատ և Վայոց Ձոր: Նպատակը գիտատեխնիկական բուռն առաջընթացի պայմաններում էկոլոգիական կրթության արդիական  նշանակության շեշտադրումն էր:  

«Արևորդին»` հասարակության համար

Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում շնորհվեց «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: ԵԱՀԿ կողմից սահմանված «Հանդիսատեսի մրցանակ»-ը, հենվելով Օրհուսի կոնվեցիայի վրա, արտացոլում է հասարակական մասնակցությունը և ընդգծում էկոլոգիական խնդիրների և ժողովրդավարության միջև գոյություն ունեցող էական կապը:

ԵԱՀԿ-ի հետ համատեղ ընթացան նաև հասարակական քննարկումներ բնապահպանական այնպիսի կարևորագույն խնդիրների շուրջ, ինչպիսիք են ջուրը, կոշտ թափոնների վերամշակումը և կլիմայական փոփոխությունները: Հասարակական և պետական կառույցի ներկայացուցիչները, տարածաշրջանային մասնագետներն ու փորձագետները ներկայացրին իրենց տեսակետերը լսարանին և պատասխանեցին նրանց հարցերին:

Prince Clause (Նիդեռլանդների թագավորական  ընտանիքի) հիմնադրամի աջակցությամբ  իրականացվող «Կովկասյան ջուր. մեր առաջին տարրը»  մրցույթ-ցուցահանդեսը, հանգուցյալ թռչնագետ Մարտին Ադամյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն, ԷկոEXPO-ն փառատոնի ծրագրերի կարևորագույն մասը կազմեցին: Փառատոնի շրջանակում բնապահպանական խնդիրների մասին ահազանգեցին նաև ռոք խմբերը` համերգներ կազմակերպելով Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

«Արևորդին»` բիզնես ոլորտի ու գործարարների համար

Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության նախաձեռնությամբ UN Global Compact-ի և GTZ-ի հետ համագործակցաբար կազմակերպվեց  սեմինար` նվիրված սոցիալական կորպորատիվ պատասխանատվությանը (ԿՍՊ): Հրավիրված էին այս ոլորտում երեք բարձրակարգ մասնագետներ, ովքեր ներկայացրին ԿՍՊ-ի գաղափարը` հիմնվելով միջազգային դաշտում ունեցած փորձի և օրինակների վրա: 

Վերջնանպատակը սեմինարների, բաց քննարկումների, համաժողովների և դասընթացների անցկացման համար բաց ֆորումի ստեղծումն էր: Փառատոնը պետք է դառնա բեմահարթակ` տարածաշրջանային երկխոսության համար: Ամբողջ աշխարհից ավելի քան 60 հյուրեր` ռեժիսորներ, արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ճանաչված բնապահպաններ, մասնակցեցին փառատոնին:

«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերն ու համակազմակերպիչն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: 

«Արևորդի» փառատոն`

Քո  երկխոսությունը բնության հետ

Loading the player...