Ռոք` հանուն բնության


26.03.2010

Երաժշտությունն ու բնությունը առնվազն մեկ ընդհանրություն ունեն. երկուսն էլ սահման չեն ճանաչում: Երաժշտությունը միացնում է մարդկանց՝ անկախ տարիքից, ռասայական կամ ազգային պատկանելությունից: Ճիշտ այդպես բնությունը միացնում է կենսական բոլոր տարրերը մեկ կատարյալ պարբերաշրջանի մեջ:

Ռոքն ազատության ու ըմբոստության երաժշտություն է: Տասնյակ տարիների ընթացքում իր շուրջը սերունդներ կերտող համարձակ ու անկեղծ երաժշտություն: Սերունդներ, որ ցանկանում են տեսնել այլ աշխարհ, տարբեր այն մեկից, որ իրենց է առաջարկված, կեղծ արժեքներից ու ապատիկ բարեկեցությունից ձերբազատված աշխարհ:

«Ռոքը հանուն բնության» ահազանգում է մարդկային միջամտությամբ աղավաղված Երկիր մոլորակի մասին: «Ռոքը հանուն բնության» հստակ ու թափանցող ձայնն է գերշահագործումից համրացած մոլորակի, որը միակ հնարավոր բնակավայրն է մարդ արարածի գոյության համար: «Ռոքը հանուն բնության» կոչ է անում մարդկանց միահամուռ կանգնել իրենց ապագայի համար, պահպանել բնական ժառանգությունը, որ հենց ինքը՝ կյանքն է:


Armenian Space Station (Դիտել տեսանյութը)

Լոս Անջելեսում հիմնադրված Armenian Space Station պրոգրեսիվ գործիքային ռոք խումբը ձեւավորվել է Գրեգ Հոշարյանի եւ Բարրեթ Երիցյանի ստեղծագործ միությամբ: Նրանց երգերը մեղեդային են, վիրտուոզ, արտիստիկ, անկանխատեսելի լուծումներով:

Տիեզերքն անծայրածիր է, զուրկ սահմաններից. Armenian Space Station-ի արվեստը բացում է ծրարված ստանդարտները, որ ընկած են այսօրվա «հանրամատչելի» երաժշտության հիմքում: Նրանց ստեղծագոծությունները միաժամանակ տուրք են եւ մարմնավորում հայկական ոգու ուժի ու ճկունության:


Road Movie

Էկլեկտիկ ռոք ենթաոճում ստեղծագործող այս խմբի երաժշտության մեջ արձագանքվում են կյանքի հանդեպ սերն ու թափառող հոգու թախիծը: Մեկ տարվա ընթացքում նրանք հասցրեցին կերտել կայուն լսարան, որը չի հասցնում ձանձրանալ մինչեւ արվեստի հերթական հրաշալի մի կտորի հայտնվելը: Նրանց երաժշտությունը կարելի է կոչել մեղմ ու ինտելեկտուալ:

Երաժիշտների յորահատուկ մոտեցումները,սաքսոֆոնի լուսավոր մելանխոլիայով ներշնչված ավանդական ծանր ռոքի հնչողությունը կատարելապես արտացոլում են Ջոն Քերուաքի «Ճանապարհին» վեպի էներգետիկ փիլիսոփայությունը: Դիպչելով շատ զգացական լարերի՝ նրանք  ունկնդրին հաղորդ են դարձնում կյանք կոչվող մոգական գոյության գեղեցկությանն ու խորհրդին:


Որդան Կարմիր

Նյու արմ-մետալ ժանրի հիմնադիր այս խումբն իր յուրահատուկ ու իրապես հայկական անվան արժանի կրողն է: Իրենց երաժշտական ուղին սկսելով տարբեր մեկնարկային կետերից՝ այս երիտասարդները հանդիպել են կուռ գաղափարական փոխկապակցվածության միեւնույն դաշտում: Բառերով, որ ուժեղ են թե երաժշտությամբ, թե առանց դրա, նրանք հնչեցնում են մի ձայն, որ անհնար է չլսել: Երաժշտությամբ, որ ուժեղ է թե բառերով, թե առանց դրանց, նրանք բարձրաձայնում են բացասականի դեմ իրենց բողոքն ու հանուն դրականի պայքարը:  

Ինչպես ժամանակին այս բացառիկ ներկից ստացված հակաբորբոքային եւ ջերմիջեցնող դեղամիջոցներն էին, Որդան Կարմիրն իր արվեստով բուժում է առաջարկում հասարակական գիտակցության վրա առաջացած հիվանդագին ճեղքվածքների ու մարդկային ագահության տենդի դեմ:

Որդան Կարմիրի ձայնը կյանքի բացասական կողմերին վառ կարմիր գույն է հաղորդում՝ դարձնելով դրանք տեսանելի ու անհնար՝ անտարբեր անցնելու համար:

Loading the player...