Կենդանիների դիմակահանդես-երթ


26.03.2010

Հոկտեմբերի 25, ժամը 15:30, Մատենադարանից սկսված կենդանիների դիմակահանդես-երթը ազդարարեց «Արևորդի» փառատոնի մեկնարկը: Թափոններից պատրաստված կենդանակերպ զգեստներով և դիմակներով 500-ից ավելի պատանիներ խրախուսեցին անցորդներին միանալ առաջիկա օրերին ծավալվելիք բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին:

Դիմակահանդես-քայլերթի երթուղին սկսեց Մատենադարանից ու ավարտվեց Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Բնապահպանական կոչերով ու կարգախոսներով դիմակահանդեսի մասնակիցներին ուղեկցեցին երաժշտական և կրկեսային խմբեր: Շքերթի ողջ ընթացքում երեխաները ծաղկի սերմեր բաժանեցին անցորդներին` նրանց էլ դարձնելով միջոցառման մասնակից:

Քայլերթի մասնակիցներին Մոսկվա կինոթատրոնի դիմաց սպասում էին պոլիէթիլենային աղբից պատրաստված Հայաստանի էնդեմիկ ոչնչացող կենդանատեսակների քանդակները և երաժշտական խմբերը:

Դիմակահանդես-քայլերթի նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հիշեցնել հասարակությանը այն պատասխանատվության մասին, որոնք մարդիկ կրում են իրենց շրջապատող աշխարհի համար:

Միջազգային պահպանության (Conservation International) կողմից Հայաստանը ընդգրկված է կենսաբազմազանության առումով երկրագնդի ամենահարուստ և միևնույն ժամանակ առավել վտանգված 34 թեժ կետերի շարքում: Հայաստանի աշխարհագրական դիրքը և ռելիեֆը նպաստել են փոքր տարածքում ունենալ հարուստ կենսաբազմազանություն և էնդեմիկ տեսակներ: Հանրապետության ֆաունայի կազմում հաշվառված են ողնաշարավոր կենդանիների 535 տեսակ, որից 99-ը գրանցված է Կարմիր գրքում, իսկ 339-ը էնդեմիկ են:

Ներկայումս Հայաստանում հանդիպող կենդանիների մոտ 300 տեսակներ համարվում են անհետացող կամ հազվադեպ հանդիպող:

Ուստիև կարևոր է հատկապես շրջակա միջավայրի խնդիրների մասին իրազեկել երիտասարդ սերունդին, ովքեր վաղը տերն են դառնալու այն բնության ու հայրենիքի, որն այսօր թողնում ենք իրենց: Նրանք ևս պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր:

«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Loading the player...