«Հիշողության պուրակի» հիմնադրման ծառատունկ Ծիծեռնակաբերդում


23.04.2010

«Կանաչ սերունդ» քարոզարշավի առանցքային միջոցառումն ապրիլի 22-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից այգում կայացած խորհրդանշական ծառատունկն էր: Հանդիսության ընթացքում, որն ուղեկցվեց «Ծաղկազարդ» երգչախմբի կենդանի ձայնակցությամբ, 95 ծառ տնկվեց` ի նշան հիշողության և հանուն խաղաղության:

Տնկիները բերվել են Արևմտյան Հայաստանից. ծառերի` Արևմտյան Հայաստանից դեպի Արևելյան Հայաստան ճամփորդությունը խորհրդանշում է սեփական հողի վրա հիմնովին հաստատվելու և գալիք սերունդների համար արժանավայել ապագա ապահովելու հայ ժողովրդի ամուր կամքը:  

Ծառատունկն ամփոփվեց «Հիշողության պուրակ» մակագրությամբ հատուկ ցուցանակի տեղադրմամբ:

Ելույթ ունեցան Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ծիծեռնակաբերդի այգում կայացած միջոցառմանը մասնակցեցին ինչպես դեսպաններ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Loading the player...